Սկոպյեում բողոքի առիթ է դարձել Մակեդոնիայի անվանափոխությունը
Մակեդոնիայի ազգայնական կազմակերպությունները Սկոպյեում՝ խորհրդարանի շենքի առջև, բողոքի ակցիա են կազմակերպել երկրի անվանափոխության վերաբերյալ քվեարկության նախաշեմին: Հունաստանի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում երկիրը պետք է անվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:
Ցուցարարները երկրի նախագահին մեղադրել են այն բանում, որ նա համապատասխան ձևով չի ներկայացնում Մակեդոնիայի ազգային շահերը:
Հիշեցնենք, որ Աթենքը չէր համակերպվում Մակեդոնիա անվան հետ, քանի որ այդպես է կոչվում Հունաստանի շրջաններից մեկը, որն Ալեքսանդր Մակեդոնացու հայրենիքն է եղել: Նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետության անվան պատճառով Հունաստանը խոչընդոտում էր այդ երկրի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:
Հունաստանի և Մակեդոնիայի միջև ձեռք բերված համաձայնությունը բողոքի առիթ էր դարձել երկու երկրներում էլ: Հունաստանի ընդդիմությունը գործարքն անվանել էր «ազգային» նահանջ, քանի որ կառավարությունը համակերպվել է այն բանի հետ, որ հարևան երկրի լեզուն կոչվի մակեդոներեն, իսկ ժողովուրդը՝ մակեդոնացի: