Դավթաշենի ավտոճանապարհին ընկած սյունը Ucom ընկերությանը չի պատկանում. խնդրում են շտկել տարածվող տեղեկատվությունը
Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Դավթաշենի 4-րդ թաղամասում ընկած սյունը չի պատկանում Ucom-ին: Այս մասին հայտնում են ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը գրել էր, թե «Յուքոմ» ընկերությանը պատկանող սյունն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են մալուխներ, իսկ երթևեկությունը երկկողմանի փակվել է:
«Այսօր բոլորիդ կողմից տեղեկատվություն է տարածվել, թե հունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են։
Տեղեկացնենք, որ Ucom ընկերության համապատասխան տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցները մեկնել են դեպքի վայր այն բանից հետո, երբ բաժանորդներից մեկն առավոտյան 06։00-ին ահազանգել է այդ խնդրով։
Սովորաբար նման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն ստանում ենք ԱԻՆ-ի մեր գործընկերներից։
Մեր աշխատակիցները ճշտել են, որ ավտոճանապարհին ընկած հենասյունը չի պատկանում Ucom ընկերությանը։ Այն մեր գործընկեր օպերատորներից մեկինն է։
Խնդրում ենք շտկել տարածվող տեղեկատվությունը և Ucom ընկերությանը չվերագրել այն, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Բոլորին բարի աշխատանքային օր»,-ասված է հայտարարությունում: