Արցախի բանակի հրամանատարն անձամբ հետևել է նորակոչիկների զորամասերի վիճակահանությանը. զինակոչիկներին հանձնել զինվորական աղոթագրքեր
Հունվարի 9-ին ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, նվիրված 2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին: ՊԲ-ում ծառայությունն ավարտողներին փոխարինելու եկած առաջին նորակոչիկներին շնորհավորելու և իրենց խորհուրդներն ու մաղթանքները փոխանցելու են գնացել Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ:
Շնորհավորելով զորակոչիկներին հայրենիքի պաշտպանի` սահմանադրությամբ իրենց վերապահված առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ պաշտպանության բանակի հրամանատարը վստահեցրել է, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ նորակոչիկների արագ հարմարման և լիարժեք զինվորականներ դառնալու համար, հանգամանք, որը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու կարևոր նախապայմաններից է:
Միջոցառման ավարտին, բանակի հրամանատարն ու բոլոր ներկաները շփվել են նորակոչիկների հետ, հետաքրքրվել ծառայության առաջին տպավորություններով և առկա խնդիրներով: Կարեն Աբրահամյանը բոլոր զինակոչիկներին անձամբ հանձնել է զինվորական աղոթագրքեր, որից հետո ներկա գտնվել նաև ծառայության հետագա վայրերի ընտրության նպատակով կազմակերպված վիճակահանությանը: