Զինակոչիկներ տեղափոխելու ընթացքում գրանցված միջադեպի մասնակիցներից մեկն ինքնակամ ներկայացել է բաժին. դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։
Tert.am-ի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից մի քանիսի ինքնությունը պարզված է, նաև ոստիկանություն բերվածներ կան, չնայած քրեական գործը հարուցվել է Ռազմական ոստիկանությունում։
Տեղեկության վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հարցին, թե ոստիկանություն բերվածներ կան արդյոք, վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը պատասխանեց. «Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր գրանցված միջադեպի մասնակիցներից մեկն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից նա ներկայացվել է Ռազմական ոստիկանությանը»։