Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը. ոստիկանություն
ՀԺ-ի այսօրվա հրապարակմանն անդրադարձել է ոստիկանության լրատվական ծառայությունը՝ ներկայացնելով պարզաբանում, որում ասվում է.
Այսօր ԶԼՄ-ներում տեսանյութ է տարածվել, թե ինչպես մի խումբ երիտասարդներ կանգնեցրել են զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը և քաշքշուկ սկսել։
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեսանյութի հրապարակումից հետո շտապել են մեղադրել ոստիկանությանը, թե ինչու ավտոբուսը չի ուղեկցվել ոստիկանական կարգախմբի կողմից։
Հայտնում ենք, որ ՀՀ Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը․․․
Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։
Ավելացնենք նաև, որ միջադեպով ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը ռազմական ոստիկանության գործընկերների հետ համագործակցում է միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք,ավելի վաղ հայտնել էինք, որ դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով: Միջադեպի ընթացքում ոստիկանները բացակայում էին: «Նկարում են, մի արեք», - հայտարարում էին ավտոբուսը կանգնեցրած տղաները:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ ՊՆ-ն դատապարտում է միջադեպը:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն էլ հայտնել էր, որ հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում։