Նորընտիր պատգամավորներին մանդատները առաջին անգամ հանձնելու են ընտրողները
Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները կհանձնի ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները:
Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Արարողության նորույթն այն է, որ այս տարի պատգամավորներին մանդատ են հանձնելու ընտրողները: Նրանք ընտրվել են պատահականության սկզբունքով՝ համակարգչային վիճակահանությամբ»,- ասաց Սմբատյանը:
Յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել է երկուական ընտրող և երկուական քաղաքացի, ովքեր առաջին անգամ են մասնակցել ընտրություններին:
Պատգամավորական մանդատները նորընտիր պատգամավորներին հանձնելու է 28 ընտրող:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին, հունվարի 10-ին պատգամավորները կստանան մանդատները: