Մահացածը 2 անչափահաս երեխայի հայր էր. մանրամասներ Ախուրյանի ողբերգական վթարից
Հունվարի 6-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում ավտովթարից մահացած 29-ամյա երիտասարդը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը։
«Վթարի ենթարկվածները հարեւաններ են եղել, մեքենան Ախուրյանում կենտրոնական հրապարակում բախվել են հենասյանը, վարորդը մահացել է, իսկ ուղեւորը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացածը երկու անչափահաս երեխա ունի, մանկապարտեզ են հաճախում»,– ասաց համայնքապետը՝ նշելով, որ մյուս երիտասարդը ողնաշարի կոտրվածք ու թոքի վնասվածք ունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 6-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան բախվել է էլեկտրասյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ճ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Բախման հետևանքով վարորդը մահացել է, իսկ ուղևորը՝ Ռ. Հ.-ն (ծնված 1981 թ.), հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: