Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ ձմեռային առաջին զորակոչին մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը
Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի հանրային կապերի բաժինը։
Նորակոչիկներին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՊՆ և ԶՈւ զինվորականներ, այլ ոլորտներ ներկայացնող պաշտոնյաներ:
Ավանդույթի համաձայն՝ պաշտոնայաները, թեմակալ առաջնորդն ու պարտադիր զինվորական ծառայության մեկնողները նախ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին։
Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք է հղել նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը՝ կոչ անելով քրիստոնեական հավատքով և հայրենասիրությամբ տոգորված մեկնեն ծառայության, և իրենց սրբազան պարտքը տան հայրենիքին:
Այնուհետև նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ են ստացել մարզպետ Համբարձում Մաթևոսյանից, համայնքապետերից և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնել իրենց պարտքը մատուցելու հայրենիքին: