Նուբարաշենի տներից մեկում տարեց ամուսինների դիեր են հայտնաբերվել
Հունվարի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում, Նուբարաշենի տներից մեկում տարեց ամուսինների դիեր են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 13:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի 30 բնակարանի բնակիչները մի քանի օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Փրկարարները պատուհանի ճաղավանդակները բացելուց հետո ներս են մտել և հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ՝ 86-ամյա Քնարիկ Ապրեսյանի, իսկ խոհանոցում ամուսնու՝ 81-ամյա Բորիս Ապրեսյանի դիերը:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական: