Եթե դուք ձեռք չբերեք այս մթերքները, իրավախախտները ուզած թե չէ կդադարեցնեն իրենց գործունեությունը. Դավիթ Պիպոյանը՝ «ադրբեջանական կարագի» մասին
ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն արձագանքել է Երանում վաճառվող «ադրբեջանական կարագի» մասին տեղեկություններին, որի մասին ահազանգել էր Երևանի նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանը և տեսանյութ հրապարակել։
Այս առնչությամբ, Դավիթ Պիպոյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Իմ շատ սիրելի ֆեյսբուքահայություն ջան։ Հունվարի 4-ից ինձ ստիպեցիք աշխատել։ Առավոտից ծնգում էր մեսինջերս՝ ադրբեջանական կարագի վերաբերյալ հարցադրումներով։ Մեղք չեմ գործել, բայց մինչև երեկ ուշ գիշեր քեֆ ուրախության մեջ էինք։ Մինչև դեկտեմբեր 30 խանութներում շրջայցեր ենք իրականացրել, նման տարայով կարագ ես ոչ մի համայնքում չեմ հանդիպել։
Այսօր ևս երեք համայնքի խանութներում առկա չէր։ Կապվել եմ թե՛ պատկան մարմինների հետ, թե՛ նկարը հրապարակած քաղաքացու՝ Սոնայի հետ. պարզվեց, որ կարագը ձեռք են բերել փողոցից, այլ ոչ թե խանութից։
Ա՜յ այստեղ պետք է ձեզ կրկին հիշեցնեմ, որ տարեվերջին բոլորիդ հորդորել եմ ձեռնպահ մնալ փողոցում վաճառվող կենդանական ծագում ունեցող մթերք ձեռք բերելուց։ Հիշեք; որ այսպիսով դուք էլ եք դառնում այս խախտումների մասնակիցը; որովհետև եթե դուք ձեռք չբերեք այս մթերքները, իրավախախտները ուզած թե չէ կդադարեցնեն իրենց գործունեությունը»։