Գյումրիում ՊՆ ծառայողի ավտոմեքենայից հափշտակել են 2 մլն դրամի ոսկե և արծաթե զարդեր
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։
Այդ օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արման Թադևոսյանը Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 21։30-ից 21։45-ն ընկած ժամանակահատվածում, ինքն այցելել է հայրական տուն՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 23/3 հասցե, որտեղ կայացվել է իր՝ Kia Sorento մակնիշի ավտոմեքենան և 15 րոպե անց հայրական տնից դուրս գալով՝ նկատել է, որ ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին կոտրել են։
Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի սրահից գողացել են կանացի պայուսակ, որի մեջ եղել է 11 կտոր ոսկե և արծաթե զարդեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Թադևոսյանը, որը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, գողի կամ գողերի թալանի արդյունքում կրել է մոտ 2 մլն դրամի վնաս։