4 տարի առաջ հունվարի 3-ին հակառակորդի դիվերսիան կանխելիս զոհվել է Վարդան Մկրտչյանը
2015թվ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:
Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել է ՊԲ զինծառայող՝ Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Վարդանը ծնվել է 1995թվ. Արարատի մարզի՝ Հովտաշեն գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան:
Վարդանը հավասարակշռված ու բարի մարդ էր, սիրում էր մշտապես սովորել ու ավելացնել իր գիտելիքների պաշարը։
Վարդանը պարտադիր զինվորական ծառայության է անցել ԱՀ՝ Ասկերանի շրջանի N զորամասերից մեկում:
Ծառայությանը Վարդանը միշտ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել, բարեխղճորեն իրականացրել իրեն տրված հրամանները։
Վարդան Մարտիկի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Արիության համար» և ՀՀ նախագահի կողմից «Արիության» մեդալներով։