Վրաստանը՝ խոզի գրիպի համաճարակի նախաշեմին
Վրաստանի Գորի քաղաքի հիվանդանոցում ենթադրաբար A (H1N1) գրիպով վարակված 39-ամյա կին է մահացել, ով նախօրեին ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դա Վրաստանում վերջին 2 շաբաթում «խոզի գրիպից» մահացության երրորդ դեպքն է: Դեկտեմբերին Քութայիսիում և Բաթումիում նույն ախտանշաններով մահացել էր ևս երկու կին: Նրանցից մեկը եղել է հղիության 38-րդ շաբաթում, երեխան փրկվել է:
Interpress News-ին այսօր տված հարցազրույցում Վրաստանի Համաճարակային հսկողության և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկլիլիձեն հայտարարել է, որ երկրում այսօրվա դրությամբ գրանցվել է գրիպի վիրուսով հիվանդացության 144 դեպք, 6 մարդ մահացել է:
Վրաստանում կա գրիպի վիրուսով հիվանդացության 144 հաստատված դեպք, որից 140-ը՝ H1N1-ով, իսկ մյուսը՝ H3-ով:
«Մենք Քութայիսիում ունենք նաև լաբորատոր հաստատված B վիրուսի դեպք: Վերջին 3-4 շաբաթների ընթացքում երկրում գրիպի դեպքերի դինամիկ աճ է նկատվում: Երկուշաբթի օրվա տվյալներով՝ 100 000 բնակիչներից 277- ը հիվանդացել են գրիպով, ինչը նորմայի սահմաններում է: Մենք հեռու ենք գագաթնակետից: Մեր երկրի համաճարակաբանական սահմանը կազմում է մոտ 500 հազար մարդ, թեև տագնապալի է նույնիսկ 400 հազարի շեմը», – ասել է Ամիրան Գամկլիլիձեն։
Նրա խոսքով՝ սեզոնային գրիպով վարակման դեպքերը նախորդ տարվա համեմատ զարգացման դինամիկ աճ են գրանցել։
«Երկրում գրիպի վիրուսի հայտնվելուն պես 95%-ով շրջանառվում է H1N1 վիրուսը: Այդ պատճառով բնակչությանը կոչ ենք անում կանխարգելիչ նպատակով պատվաստվել, պահպանել հիգիենայի նորմերը և հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում դիմել ընտանեկան բժշկին», – ասել է նա: