Փարիզում աճուրդի կհանվի Bugatti սուպերքարը
Փարիզում փետրվարին անցկացվելիք աճուրդում Sotheby’s-ը վաճառքի կհանի 1994 թվականի արտադրության Bugatti EB110 Super Sport մոդելը, որի վազքը կազմում է 916 կմ:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, SS շարքի նմուշներից մեկն առաջարկվում է բնօրինակ փաստաթղթերով և գործիքների հավաքածուով: Գինը դեռևս չի նշվում: Մեքենան ներկայանում է արծաթագույն երանգով, իսկ սրահը պատված է սև գույնի կաշվով:
Առաջին գնորդին մեքենան փոխանցվել է 1994-ի մարտի 24-ին Գերմանիայում: Այնուհետև մեքենան տեղափոխել են Ճապոնիա, իսկ 2012-ին այն գնել է շվեյցարացի կոլեկցիոները:
Աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով՝ քիչ վազքի շնորհիվ մեքենայի վիճակն առավելագույնը մոտ է նոր արտադրված մեքենայի վիճակին:
Bugatti EB110 Super Sport-ը զինված է 3,5 լիտր ծավալով V12 շարժիչով, որի հզորությունը կազմում է 611 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 3,2 վայրկյանում: Իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ: