Զինված հանցագործը հանձնվել է, երբ ոստիկանը նրա համար սուրբծննդյան երգ է կատարել
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում զինված հանցագործը հանձնվել է, երբ նրա ձերբակալման գործողություններին մասնակցող հատուկջոկատայիններից մեկը նրա համար սուրբծննդյան երգ է երգել:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, դեկտեմբերի 25-ի երեկոյան ոստիկանություն է զանգահարել իր 34-ամյա բարեկամի պահվածքով մտահոգված քաղաքացին՝ տեղեկացնելով, որ ամուսնալուծության պատճառով վատ հոգեվիճակում գտնվող Վինսենթ Լյուիսը զինված է: Զանգից հետո դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը:
Նշվում է, որ դիմակայությունը 10 ժամ է տևել. Լյուիսը հրաժարվում էր բացել դուռը և կրակ էր բացել հրացանից: Նրա արձակած կրակոցները դիպել են ոստիկանական մեքենային և հարակից տան պատին, սակայն մարդիկ չեն տուժել:
Շրջափակումն ավարտվել է, երբ առավոտյան 7-ին բանակցող ոստիկանը Լյուիսի խնդրանքով նրա համար կատարել է White Christmas հայտնի սուրբծննդյան երգը: