Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող ծրագրերը պետք է լինեն առավել արդյունավետ. Երևանի փոխքաղաքապետ
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի տարեվերջյան նիստին ամփոփվել են 2018թ. իրականացված ծրագրերն ու առանձնացվել են հիմնախնդիրները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հրաչյա Սարգսյանը, ծանոթանալով ներկայացված հաշվետվություններին, նկատել է, որ այսուհետ դրանք պետք է կազմվեն այլ ձևաչափով՝ ընդգրկելով ոչ միայն տարվա ձեռքբերումները, այլև խնդիրները, թերություններն ու չկատարված աշխատանքը: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ հաշվետվություններն այսուհետ պետք է կազմվեն այնպես, որ դրանց կատարողականները լինեն չափելի և հնարավոր լինի գնահատել արդյունքները:
«Ներկայացված հաշվետվություններն ու բարձրաձայնված խնդիրները հիմք կհանդիսանան, որպեսզի 2019 թվականի ծրագրերն իրականացվեն առավել արդյունավետ, քանի որ օրեր առաջ, ծանոթանալով նոր կառուցված Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածին, արձանագրեցինք, որ ինչպես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, այնպես էլ, օրինակ, սայլակով իրենց երեխաներին տեղափոխող մայրերի համար կառուցված թեքահարթակները չափորոշիչներին չեն համապատասխանում: Սա նշանակում է, որ պետք է խիստ հետևողական լինենք և ուսումնասիրենք կառուցված ու կառուցվող թեքահարթակները»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
Մայրաքաղաքը և հատկապես կրթական հաստատությունները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու առնչությամբ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է 30 մանկապարտեզում նախատեսվող վերանորոգման աշխատանքներում հատուկ ուշադրություն դարձնել թեքահարթակների, նաև սանգանհույցների հարմարեցմանը:
Խոսելով 2018 թվականի աշխատանքների մասին՝ նա նշել է, որ անցնող տարի սոցիալական աջակցության ծրագրերում առաջնահերթության կարգով ընգրկվել է 6750 ընտանիք: Ներառական կրթություն իրականացնող (և ոչ միայն) 64 դպրոցների ուսուցիչներ վերապատրաստվել են: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական ուղեգրեր տրամադրելու գործընթացին, որն, ի դեպ, մայիսից կասեցված է՝ նշվել է, որ դրանք առողջապահության նախարարությունը գնահատել է ոչ նպատակային: Միաժամանակ քաղաքապետարանը նախատեսում է առողջապահական այլ նախաձեռնություններ:
Հանձնաժողովի անդամ շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին հանդես են եկել ամփոփիչ խոսքով, առաջարկներով և դիտողություններով: Հրաչյա Սարգսյանը խնդրել է բոլոր առաջարկները հանձնել թղթին և հասցեավորված ներկայացնել քաղաքապետարան: