«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանը վթարի է ենթարկվել
Երկու օր առաջ վթարի ենթարկված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Վթարի հետևանքով նա ստացել է ուսի կոտրվածք, ենթարկվել է վիրահատության: Երկու օրից Կարեն Պետրոսյանը, հավանաբար, դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում ասել է անձամբ Կարեն Պետրոսյանը:
Նա պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Երեկոյան Երևանից վերադառնալիս՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի մոտ հանդիպակաց ընթացող մեքենայի հետ բախումից խուսափելու համար Պետրոսւյանի վարորդը մեքենան արագ դուրս է բերել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Նշենք, որ ավտոմեքենան եղել է ծառայողական: Վարորդը ևս ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք եղել են թեթև: Նա հիվանդանոցում ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո նույն օրն էլ դուրս է գրվել:
Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: