112 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց մարդը
ԱՄՆ-ում 112 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց քաղաքացին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենածեր վետերան Ռիչարդ Օվերտոնը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Մահվան լուրը հաստատել են նաև Օվերտոնի ընտանիքի անդամները: Նրանց փոխանցմամբ՝ ավելի վաղ Օվերտոնին տեղափոխել էին հիվանդանոց:
Ռիչարդ Օվերտոնը ծնվել է 1906 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3 տարի ծառայել է ավիացիոն ինժեներիայի գումարտակում: Պատերազմի ընթացքում եղել է Խաղաղ օվկիանոսի տարբեր կղզիներում, այդ թվում Փերլ Հարբորում, Օկինավայում և Իվոձիմեում:
2013-ին Օվերտոնը պատմել է, որ չի ընդունում ոչ մի դեղամիջոց և իր երկարակեցության համար շնորհակալ է միայն Աստծուն:
«Ես հաճախ եմ խմում վիսկի, իսկ ավելի հաճախ վիսկին խառնում եմ սուրճիս հետ: Ծխում եմ, բայց ծուխը միայն արտաշնչում եմ, այսինքն՝ թոքերս չեմ վնասում»,- ասել էր Օվերտոնը դեռևս 107 տարեկանում:
Իր կյանքի մեծ մասը նա անցկացրել է Տեխասի Օսթին քաղաքում: