Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ ուսումնասիրություն իրականացնել կաթի շուկայում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր Facebook-ի իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ դիմել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին և հերթական անգամ բարձրացնել է կաթի շուկայում տիրող անարդարության հարց:
«Հարգելի՛ գործընկերներ,
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ հերթական անգամ բարձրացնելով կաթի շուկայում տիրող անարդարության հարցը։
Խոսքը մասնավորապես այն մասին է, որ տարեցտարի թանկանում է խոտի տուկը, կոմբիկերը, հովիվների ծառայությունը, կովկիթի ծառայությունը, անձնակազմի աշխատավարձը և ամենագլխավորը՝ կաթի, մածունի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի, պանրի, թանի մանրածախ գները առևտրի կետերում, մթերվող կաթի գինը շարունակաբար անկում է ապրում: Կաթ վերամշակող ձեռնարկությունները միանձնյա որոշում ու ընդունում են կաթի մեծածախ մթերման գինը:
Վերջին մեկ տարվա ընթացքում կաթի գինը խիստ անկում է ապրել՝ 200 դրամից հասնելով 120-ի։ Եվ սա այն պայմաններում, որ 1 լիտր կաթն առևտրի կետերում 400-440 դրամով է վաճառվում:
Կաթի մթերման գների նման անկման պայմաններում հնարավոր չէ աճ ապահովել, և ֆերմերները միակ ելքը տեսնում են անասնագլխաքանակի կրճատման այլ ոչ թե ավելացման մեջ: Քանի որ ֆերմերների միակ եկամուտը կաթի մթերումից ստացվող գումարն է, վերջիններս չեն կարողանում կաթի մթերման ցածր գների պայմաններում ոտքի կանգնել, և դա առաջ է բերում դժգոհության ու ընդվզման մեծ ալիք:
Այսպիսով՝ առաջարկել եմ ուսումնասիրություն իրականացնել կաթի շուկայում՝ պարզելու համար գերիշխող դիրքի չարաշահման և հատկապես հակամրցակցային համաձայնագրերի կնքման ու այլ ապօրինությունների դեպքերը, որոնց հետևանքով կաթի մթերման գինը շարունակ անկում է ապրում՝ կաթնամթերքի մանրածախ գնի շարունակական աճի պայմաններում»,- գրել է Մարուքյանը։