Կառավարությունը մի շարք ընկերությունների հարկային ու մաքսային արտոնություններ կտրամադրի
Կառավարության այսօրվա նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան խաչատրյանը ներկայացրել է չզեկուցվող հարցերի շարք, որով նախատեսվում է հարկային արտոնություններ տրամադրել և մաքսատուրքից ազատել Հայաստանում ներդրումներ կատարող մի քանի ընկերությունների:
Ըստ նախագծի՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԿԱՍԿԱԴ-ՄԻՐՏԵԿ», «ՏԵՖՖԻ», «ԵՎՐՈ ՏՐԱԿ», «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ», «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ», «ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ», «ՎԵԼՎԻՈ», «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ընկերությունների հայտերը հաստատվել են կառավարության կողմից:
Միաժամանակ «Եղվարդի համալիր» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգվել է, իսկ «ՀՐԱՆՏ ԷՆԵՐՋԻ» ընկերությանը տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: