Բոլոր նախարարները պետք է ունենան իրենց կից հասարակական խորհուրդներ. Զեյնալյան
Հայաստան կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 27-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» որոշման մեջ, որով սահմանվում է, որ նախարարությունների խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ ըստ այդմ, ամեն նախարար պետք է ունենա իրեն կից հասարակական խորհուրդ: Նա ընդգծեց, որ այդ խորհուրդներում կընդգրկվեն տվյալ ոլորտի մասնագետներ ԿՀ-ներից և նաև լրագրողներ. «Այդ խորհուրդներում միայն նախարարն է, որ նախարարությունից է, մյուսները հասարակակն սեկտորից են: Նրանց կազմն անընդհատ թարմացվում է ռոտացիոն սկզբունքով»:
Նախարարին կից հասարակական խորհուրդը, մասնավորապես, աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ, ՀԿ-ների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ և այլն:
Կառավարության որոշման սույն նախագծով սահմանվում են ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի ստեղծման նպատակները, հասարակական խորհրդի գործառույթները, ինչպես նաև սահմանվում են նախագծից բխող միջոցառումների իրականացման ժամկետները:
Ակնկալվում է, որ այս նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի գործունեությունը՝ նպաստելով հանրային մասնակցության և նախարարությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս խորհուրդը կապող օղակ կարող են լինել նախարարությունների և հասարակության միջև, և դրանք չպետք է ձևական բնույթ կրեն: