Ամերիկյան The Hill պարբերականի անդրադարձը քրիստոնյա ժողովրդին
Մինչ քրիստոնյա աշխարհի մի մասը տոնում է Սուրբ Ծնունդը, մյուս մասն էլ պատրաստվում է սուրբծննդյան տոնակատարությանը, ամերիկյան The Hill հեղինակավոր պարբերականի սյունակագիրներից մեկն անդրադարձել է ողջ աշխարհում և հատկապես Միջին Արևելքում քրիստոնյա ժողովուրդների շարունակական տառապանքներին:
«Երբ քրիստոնյաներն աշխարհի տարբեր երկրներում տոնում են փրկչի ծնունդը, և մենք եկեղեցիներում լսում ենք սուրբ ընտանիքի պատմությունը, որը, բնակվելով Միջին Արևելքում և լինելով կրոնական փոքրամասնություն Հռոմեական կայսրությունում, Քրիստոսի ծնունդից հետո գաղթել է Եգիպտոս՝ դառնալով քաղաքական փախստական», - նշում է հոդվածագիրը:
Վերջինս ընդգծում է, որ այսօր էլ՝ երկու հազար տարի անց քրիստոնեական համայնքները Միջին Արևելքում ապրում են բռնության, լարվածության և հալածանքների ժամանակաշրջան: Նրանցից շատերը ստիպված են եղել գաղթել իրենց տներից և երկրից:
Հոդվածի հեղինակն անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանությանը՝ նկատելով, որ այն դեռևս ճանաչված չէ ԱՄՆ-ի կողմից:
«Եվս մեկ տարի է անցնում՝ առանց Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, և Թուրքիան շարունակում է անհանգստացնել եկեղեցիներին և անմեղ մարդկանց բանտարկել», - ասվում է հոդվածում:
«Թեև շատ բան է արվել, դեռ շատ աշխատանք է մնում անելու նախքան քրիստոնյաները կկարողանան առանց վախի նշել Սուրբ Ծնունդն այն վայրում, որտեղ ամեն ինչ սկսվել է 2 հազարամյակ առաջ», - եզրափակում է հոդվածագիրը: