Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Միրզոյան
Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել իր Facebook-ի էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, որում նա հայտարարել էր, թե Բաքուն հուսով է, որ 2019-ին հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից»:
Բացի դրանից՝ Մամեդյարովը նաև հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:
«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ»,- ասել է Մամեդյարովը:
«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:
Պարոն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»,- գրել է Արարատ Միրզոյանը: