«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի. ՀՔԾ-ն ստացել է Ռուսաստանի պատասխանը
«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի:
Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանը, համաձայն որի, Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ լրացուցիչ հարցում են ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։
Մինչ այդ ՀՔԾ-ն ստուգում էր Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու փաստը:
«Ինտերֆաքսը» շաբաթներ առաջ տեղեկացրել էր, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր: Այս տեղեկությունը տարիներ շարունակ չի հանրայնացվել եւ չնայած դրան՝ Հարությունյանը 2000-ականներին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: ՌԴ քաղաքացի լինելու պատճառով է, որ ՌԴ-ն իր տարածքում կասեցրել է Հարությունյանի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը:
Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 2008 թվականի Մարտի 1-ն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։