Թույլ եմ, բայց կարողացել եմ կաշառակերությունը վերացնել. Վալերիյ Օսիպյան
Այսօր համեմատական ասած բավականին լուրջ վարկանիշ ունենք, ես գոհ եմ, շնորհակալ եմ քաղաքացիներից նման վերաբերմունքի համար, դա մեզ օգնում, պարտադրում է, բայց մենք դեռ երկար անելիք ունենք:
Այս մասին «Ազատության» Facebook-ի ասուլիսին ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Նա նշեց, որ պատրաստակամ է իր աշխատանքը շարունակել իր գործընկերների հետ և ունի համապատասխան ներուժ, էներգիա:
«Մենք օր օրի վրա ավելի կատարելագործվում ենք, ես համեմատում եմ մայիս-հունիս ամիսների հետ, բավականին մեծ տարբերություններ կան դրական առումով»,- ասաց նա և նշեց, որ ամեն դեպքում որոշողը վարչապետն է՝ ինքը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ:
«Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը իմ փոխարեն պետք է գա, անի այն, ինչ ես չեմ արել, խնդրեմ, այնպես չէ, որ ես աթոռից կառչած եմ»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե ինքը թույլ ոստիկանապետ է, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ դա ուղղորդված է: «Ես գիտեմ՝ որտեղից է գալիս, թե ես շատ թույլ ոստիկանապետ եմ, գիտեմ՝ ովքեր են այդ լուրեր տարածողները, շատ գերազանց տիրապետում եմ, գիտեմ՝ ում է ձեռնտու, որ Օսիպյանը ոստիկանապետ չլինի:
Շատ թույլ եմ, բայց կարողացել եմ կաշառակերությունը վերացնել, շատ թույլ եմ, որ իմ վրացի գործընկերն ասում է, որ Հայաստանում նախադեպ չունեցող ընտրություն է իրականացվել, և համեմատելով իրենց ընտրությունների հետ՝ ասում է, որ ձերն ավելի լավն էին, շատ թույլ եմ, որ Նարեկ Սարգսյանին հայտնաբերեցի, էլի կային հետախուզվողներ, որոնց հայտնաբերեցի: Ինչո՞վ է պայմանավորված իմ թույլ լինելը»,- ասաց նա:
Ոստիկանապետը նշեց, որ հեղափոխությունից հետո կարծես ոստիկանության մի մասը հիասթափված էր, ոստիկանությունը գնացքի նման կանգ էր առել, և ինքը փորձում է հրել այդ գնացքը:
Նա նշեց, որ մոտ երեք շաբաթ մենակ է աշխատել, և առանձնապես ծանր հանցագործությունների հարցում նվազում կա, քանի որ բացահայտել և կանխարգելիչ աշխատանքներ են տարել: «Ես գիտեմ՝ այդ քամին որտեղից է գալիս, թո՛ւյլ տվեք՝ չարտահայտվեմ: Մարդիկ կան, որ երազում են՝ իրենք դառնան ոստիկանապետ»,- ասաց նա և չբացառեց, որ այդ լուրերը տարածողների մեջ լինեն նախկին կոլեգաներ: