Սաուդյան Արաբիայում հայտնվել է առաջին ռոբոտ քաղծառայողը
Սաուդյան Արաբիայում հայտնվել է առաջին ռոբոտ քաղծառայողը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Al Sabq թերթին հղումով, «Տեխնիկ» անունով ռոբոտը ծառայողական վկայական է ստացել անձամբ թագավորության կրթության նախարար Ահմեդ բին Մուհամեդ ալ Իսայից:
«Պարոն նախարար, խոստանում եմ օրինակելի աշխատակից լինել»,- արաբերեն ասել է ռոբոտը՝ դիմելով նախարարին ու արարողության այլ մասնակիցների:
Ինչպես նշել է սաուդացի նախարարը, ռոբոտը հավաքել ու ծրագրավորել են սաուդացի մասնագետները:
«Տեխնիկը» Սաուդյան Արաբիայի կրթության նախարարության տեխնիկական ու մասնագիտական ուսուցման գլխավոր վարչությունում հրահանգիչի պաշտոն է ստացել:
Մոտ ապագայում այն կանցնի իր պարտականությունների կատարմանը մշակութային ժառանգության փառատոնի ժամանակ, որտեղ ներկայացված է նաև տաղավար՝ նվիրված ռոբոտատեխնիկային և կիբեռնետիկային, ինչպես նաև այդ ոլորտների զարգացմանը թագավորությունում: Ռոբոտը կշփվի այցելուների հետ, կտրամադրի անհրաժեշտ տեղեկություններ: