Աշխարհի ամենամեծ ամանորյա խաղալիքը Դուբայում (լուսանկարներ,տեսանյութ)
Դուբայի առևտրի կենտրոններից մեկում այսօր տեղադրվել է աշխարհի ամենամեծ ամանորյա խաղալիքը, որն ավելի քան մեկ տոննա է կշռում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ամանորյա հսկա զարդարանքը տեղադրվել է The Dubai Mall կենտրոնում: Տոնական խաղալիքը պատրաստվել է Venue Arts ամերիկյան դիզայներական ընկերության պատվերով: Մետաղական «խաղալիքն» ունի մոտ 6.6 մետր բարձրություն և 4.7 մետր լայնություն և կշռում է 1100 կգ:
Խաղալիքը հավաքելու համար 15 մարդուց կազմված թիմն աշխատել է երկու գիշեր: Եվս մեկ գիշեր պահանջվել է այն կախելու համար: Հսկայական կեղևազրկված և գունագեղ նարինջ հիշեցնող գունդը մի քանի այլ՝ չափսերով փոքր-ինչ զիջող խաղալիքների հետ միասին առևտրաժամանցային կենտրոնում տեղակայված կլինի մինչև հունվարի վերջ:
Հսկայական տոնական զարդարանքն արդեն ամենամեծն է ճանաչվել աշխարհում: Այն պաշտոնապես ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: