Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարողները սկսում են նոր նախաձեռնություն (տեսանյութ)
Մանվել Գրիգորյանի՝ կալանքից գրավի դիմաց ազատ արձակման դեմ պայքարող երիտասարդներից Ջիվան Աբրահամյանի խոսքով՝ իրենց շարժումը կապված չէ որևէ մի անձի հետ: «Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ես կարող եմ ունենալ որևէ ուղղվածություն, քան մեր կառավարությունն է, չարաչար սխալվում է»,-իր Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց նա:
Վերջինս նշեց, որ իրենք սկսում են հանուն օրենքի ու իրավական երկիր ստեղծելու համար պայքար, որը կոչվելու է «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնություն:
Նա հիշեցրեց, որ առաջին պայքարն էլ հենց Մանվել Գրիգորյանի ազատ լինելու դեմ է, նա պետք է հայտնվի ճաղերի հետևում:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան ավարտվել է այսօր Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտ: Քաղաքացիները պայմանավորվել են ակցիան շարունակել վաղը արդեն Երևանում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները փակել էին ինչպես Էջմիածին քաղաքի փողոցները, այնպես էլ Երևան-Արմավիր մայրուղին: Նրանք պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի: Ավելի վաղ, Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց: