Մերձդնեստրի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է 16 տարվա բանտարկության
Ինքնահռչակ Մերձդնեստրի մոլդավական հանրապետության (ՄՄՀ) գերագույն դատարանը հեռակա նախկին նախագահ Եվգենի Շեւչուկին դատապարտել է 16 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, եւ 600 մլն մերձդնեստրյան ռուբլու (ավելի քան 31 մլն եվրո) տուգանքի, տեղեկացնում է «Գերմանական ալիքը»՝ հղում կատարելով «Առաջին Մերձդնեստրյան» հեռուստաալիքին։
Դատավճիռը կարդացվել է ավելի քան չորս ժամ։ Մեղադրող կողմը պահանջում էր ավելի քան 18 տարվա բանտարկություն եւ տուգանք «նախկին նախագահի վերցրած կաշառքի վաթսունապատիկի չափով»։
2017թ. հունիսին հանրապետության գլխավոր դատախազ Անատոլի Գուրեցկին տեղեկացրել էր, որ Եվգենի Շեւչուկի դեմ հարուցվել է հինգ քրեական գործ։ Ըստ ՄՄՀ դատախազության վարչության պետ Ալեքսանդր Ստորոժուկի՝ խոսքը խոշոր չափի կաշառք վերցնելու երկու դեպքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման երեք դեպքի մասին է։
Շեւչուկին մեղսագրվում է 2015թ. բյուջեում թոշակների եւ աշխատավարձերի վճարումների ապօրինի սառեցումը։ Նախկին նախագահին մեղավոր են ճանաչել բոլոր հոդվածներով։
Գերագույն դատարանը Շեւչուկին զրկել է պետական պարգեւներից, արգելել ազատ արձակվելուց հետո հինգ տարի զբաղեցնել պետական պաշտոններ։