Դեկտեմբերի 25-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Բելառուսի նախագահները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին այցով կմեկնի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ երկու երկրի կառավարությունների անդամների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնտին:
«Դեկտեմբերի 25-ին նախատեսված է Բելառուսի նախագահի այցելությունը Մոսկվա, որտեղ հանդիպում կանցկացվի Ռուսաստանի նախագահի հետ: Բանակցությունների ձևաչափը նախատեսում է նաև կառավարության անդամների մասնակցությունը»,- հայտնել է Էյսմոնտը:
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն երկու երկրի փոխհամագործակցության բոլոր ակտուալ հարցերը:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, երկու երկրի ղեկավարները մտադիր են առաջիկա հանդիպմանը քննարկել «երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, որոնք հակասականների շարքին են դասվում»: