Նախկինում կանաչապատման բոլոր մրցույթները հաղթել են վարչական շրջանների կողմից ստեղծված ՓԲԸ-ները. փոխքաղաքապետ
Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախկինում կանաչապատման բոլոր մրցույթները հաղթել են վարչական շրջանների կողմից ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանում կայացած ասուլիսում նշել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Ի տարբերություն նախորդ տարվա կանաչապատման բյուջեի՝ այս տարվա կանաչապատման մրցույթները լինելու են բաց, դրանց մասնակցելու է ցանկացած ընկերություն: Մենք այլևս չենք դրել խնդիր այդ ծրագրերն իրականացնել մեր բաժնետիրական ընկերություններով, որովհետև գտնում ենք, որ կարելի է դա իրականացնել ավելի էֆեկտիվ եւ ավելի էժան, եթե դրան մասնակցի ցանկացած այլ ՍՊԸ»,- նշեց փոխքաղաքապետը:
Նրա տեղեկացմամբ՝ 2019 թ. բյուջեով կանաչապատման ֆոնդը կրճատվել է 25 տոկոսով, սակայն շատ ավելի քիչ է կրճատվել, քան կարելի էր անել:
«Ես վստահեցնում եմ, որ կանաչապատման տարածքները, աշխատանքների ծավալ չի նվազել, կանաչ տարածքների պահպանման եւ շահագործման որեւէ ծավալ չի փոխվել: Ավելին, եթե նախատեսված բյուջեն իրականացվի այն միջոցառումներով եւ գործիքակազմով, որ մենք ենք տեսնում, ապա այս նույն նվազած բյուջեի պայմաններում ունենալու ենք ավելի մեծ ծավալի աշխատանք»,- նշեց Հայկ Սարգսյանը: