Ինձ վրա չի եղել որևէ ճնշում քաղաքական որևէ ուժի կողմից. Մարկ Գրիգորյան
Ինձ վրա չի եղել որևէ ճնշում քաղաքական որևէ ուժի կողմից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ անդրադառնալով իր հրաժարականին:
«Ընդհակառակը, երբ ես տնօրեն էին, ինձ հաջողվում էր շատ, թե քիչ աշխատանքային հարաբերություններ ունենալ բոլոր քաղաքական ուժերի հետ: Ես կարծում եմ, որ լրագրողը և քաղաքական գործիչները չեն կարող լինել լավագույն հարաբերությունների մեջ, բայց այդ հարաբերությունները կարող են լինել աշխատանքային: Իհարկե, կային խնդիրներ, բայց այդ խնդիրները լրիվ ուրիշ հարթության մեջ էին»,-ասաց նա:
Միաժամանակ, Մարկ Գրիգորյանը նշեց, որ թեև եկել է նախապես պայմանավորված հանդիպմանը, բայց հրաժարվում է պարզաբանումներ ներկայացնելուց: «Խնդրում եմ, դուք էլ հասկանաք, որ իմ վիճակը և իմ շուրջը եղած վիճակն այնքան էմոցիոնալ է, որ ուղղակի ճիշտ կլինի այսօր ձեզանից ներողություն խնդրեմ և չխոսեմ»: