Լեզուների ուսուցման կենտրոնից գողացել են հեծանիվ, դյուրակիր համակարգիչ և էլեկտրական սղոց (տեսանյութ)
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու լեզուների ուսուցման կենտրոնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 6-ի ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 7-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող լեզուների ուսուցման կենտրոնի պատուհանը, ապօրինի մուտք գործել և առերևույթ հափշտակել հեծանիվ, դյուրակիր համակարգիչ և էլեկտրական սղոց՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի հարակից տարածքներում առկա անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: