Հրապարակվել է գենդերային հավասարության համաշխարհային զեկույցը. Հայաստանը 98-րդ հորիզոնականում է
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2018-ի Գենդերային անջրպետ համաշխարհային զեկույցը, որում գնահատվել է գենդերային հավասարության սկզբունքը 149 երկրում:
Գենդերային հավասարությունը հիմնարար է՝ անկախ տնտեսական և հասարակական զարգացումներից: Այս տարվա զեկույցը կազմվել է ըստ տղամարդկանց և կանանց միջև հավասարության զարգացումների ուսումնասիրության 4 ուղղությամբ՝ տնտեսական ներգրավվածությունն ու հնարավորությունները, կրթական ձեռբերումները, առողջապահությունը և քաղաքական ներուժը:
Հայաստանն ընդհանուր ցանկում զբաղեցրել է 98-րդ հորիզոնականը: Ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանում ծնելիության մակարդակը 0,16 տոկոսով աճ է գրանցել, մինչդեռ սեռերի հարաբերակցությունը բնակչության շրջանում կազմում է 1,13:
Ի դեպ, տնտեսական ներգրավվածության առումով մեր երկիրը գենդերային հավասարության ցանկում 73-րդն է, կրթության ոլորտում՝ 35-րդը, առողջապահության առումով՝ 148-րդ, իսկ քաղաքական՝ 115-րդ:
Գենդերային հավասարության առումով առաջատար երկրներ են Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նիկարագուան:
Հարևան երկրներից Ադրբեջանը 97-րդ տեղում է, Վրաստանը՝ 99-րդ, իսկ Թուրքիան՝ 130-րդ: