Վարչապետը տարօրինակ բան չի տեսնում, որ Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ է հատկացվել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպես պատահեց, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող ընկերությանը դրամաշնորհ հատկացվեց:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ պարզեց Նիկոլ Փաշինյանը, շահերի բախում եղե՞լ է, թե ոչ. «Այո, ինձ տվեցին հաշվետվություն, և պարզվեց, որ գրանտ ստանալու այդ գործընթացն սկսվել է 2018 թվականի փետրվարից, և փուլերը հաղթահարվել են մինչև այն պահը, երբ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել»,- ասաց Փաշինյանը:
Հարցին, թե տարօրինակ չէ՞, երբ դրամաշնորհը հատկացնելու որոշումը կայացվել է հենց այն օրը, երբ Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել, Փաշինյանը պատասխանեց. «Հենց էդ է, տարօրինակ չէ: Դա նշանակում է, որ ոչ մի ազդեցություն չի եղել: Եթե գրանտը հաստատվում է հենց այդ օրը, դուք պատկերացնում եք, չէ՞, որ դա ամիսների գործընթաց է: Հենց այդ փաստով ինքնին տարօրինակ չէ»,- նշեց նա: