Հայաստանը շարունակելու է վարել ինքնուրույն քաղաքականություն
Ես նախկինում ասել եմ, որ Հայաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն, ու ես կարծում եմ, որ շատերն են դա տեսնում, եթե ոչ բոլորը. Հայաստանն այս քաղաքականությունը շարունակելու է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի այն հայտարարությունը, որ ՀՀ նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա դիմակայել ԱՄՆ շանտաժին ու ճնշումներին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անպայման առիթը կօգտագործի և կփորձի ռուս գործընկերներից տեղեկություն ստանալ, թե կոնկրետ ինչի՞ վրա է հիմնված իրենց տեղեկությունը:
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, որը վերաբերում էր Հայաստանում կենսալաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ներկայության բացառմանը: «Վերջին օրերին լայնորեն քննարկվում էր նաև ՌԴ ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը ինչ-որ պայմանագրի մասին: Նման պայմանագիր նախկինում քննարկվել է ՀՀ իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի գործընկերների հետ այդպիսի թեմայով հարց չենք քննարկել»,-ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է պարոն Լավրովից տեղեկանալ, թե ինչ նկատի ունի:
Ինչ վերաբերում է ամերիկյան զենք գնելու հնարավորությանը, Փաշինյանը նշեց, որ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն բոլթոնը, սակայն Հայաստանն այս պահին նման հնարավորություն չի տեսնում: