Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ վենչուրային կապիտալը Հայաստանում ներկա չէ. Փաշինյան
Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ վենչուրային կապիտալը Հայաստանում ներկա չէ և Հայաստանի տնտեսական կյանքում ընդհանրապես գործոն չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երիտասարդ ձեռներեցների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մեր անելիքներից մեկը, որ մենք հիմա քննարկում ենք Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ընդհանրապես, կառավարության մի քանի կառույցների հետ, ՀՀ–ում վենչուրային կապիտալի ինստիտուտներ ստեղծելն է»,–հայտնեց նա։
Փաշինյանը շեշտում է՝ վենչուրային կապիտալի առումով կարևոր է ոչ միայն կապիտալը, այլ նաև այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքիր լինել այդ կապիտալի համար, որովհետև մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։ «Ստարտափերի ինստիտուտն ու վենչուրային կապիտալը սիամական երկվորյակներ են, մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ»,– նշեց նա՝ հավելելով, որ այժմ ստարտափերի համար որոշակի արտոնյալ պայմանների ստեղծման ուղղությամբ աշխատանք է տարվում, այդ թվում՝ հարկային օրենսգրքում է փոխություններ կատարվում։
Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ կմշակվեն այնպիսի ծրագրեր և ստարտափեր, որոնք գրավիչ կդառնան վենչուրային կապիտալի համար։
«Ցավոք սրտի Հայաստանում այդպիսի նախագծեր եղել են, բայց իրենց ֆինանսավորումը գտել են արտասահմանում, որը վատ չէ, նրանք Հայաստանում գործում են, բայց, ըստ էության, նրանք չեն ընկալվում որպես հայաստանյան ընկերություններ, ինչը Հայաստանի իմիջի համար այնքան էլ լավ չէ այն առումով, որ նրանք իրենց ետևից նոր գաղափարներ և կապիտալ չեն բերում»,– եզրափակեց Փաշինյանը։