Մեծ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում Սփյուռքի նախարարություն չենք ունենա. Նիկոլ Փաշինյան
Մեծ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում Սփյուռքի նախարարություն չենք ունենա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հավաստի է լուրը, որ Սփյուռքի նախարարությունը կրճատվելու է։
«Մենք հիմա քննարկումների փուլում ենք։ Մեր ամենակարևոր խնդիրը պետական կառավարման համակարգում կառավարման առավել արդյունավետ մակարդակի հասնելն է, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերություններում։ Այո՛, կա այդպիսի հավանականություն և բավականին մեծ է այդ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում սփյուռքի նախարարություն չենք ունենա, բայց դա չի նշանակում, որ մենք այլ կառույցների միջոցով այդ կապերն արդյունավետ չենք դարձնի»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրն այն է, որ ըստ էության սփյուռքի հետ հարաբերությունների կոմպոնենտ ունեն բոլոր նախարարությունները՝ առանց բացառության, և ոչ բոլոր կոմպոնենտներով է զբաղվում Սփյուռքի նախարարությունը։ «Սա ինստիտուցիոնալ խնդիր է, որը մենք պետք է լուծենք։ Այդ խնդիրը լուծելու մի քանի տարբերակներ կան, որոնց վրա մենք աշխատում ենք»,– եզրափակել է նա։