Արցախի հարցում որևէ նոր բան չկա. Նիկոլ Փաշինյան
Արցախի հարցում որևէ նոր բան չկա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Միլանում համանախագահների հետ Հայաստանի ևԱդրբեջանի ԱԳ նախարարները ինչ-որ հայտարարություն են համաձայնեցրել և ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել. «Այդպիսի հայտարարություններ վերջին 24 տարում բազմաթիվ են եղել: Արդյոք նոր բան կա՞ Ղարաբաղի հարցում. ոչ նոր բան չկա: Ակտիվությունն այնքանով է, որքանով տեսնում եք: 25 տարվա ընթացքում այսօրվա ակտիվությունը կարող ենք համարել ցածր կամ ցածրից մի փոքր բարձր: Անջեյ Կասպրշիկը պարբերաբար գալիս է տարածաշրջան: Ես ասեմ՝ ընդունված է եղել, որ պարոն Կասպրշիկի այցերը քանի որ շատ աշխատանքային բնույթ են կրում, եղել են դեպքեր, որ նույնիսկ չի լուսաբանվել: Ես աշխատակազմին հանձնարարել եմ, որ բոլոր շփումները պարտադիր լուսաբանվեն»,-հայտարարեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանության հետ հաջողվել է փոխըմբռնման գալ, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որն իր մեջ լավատեսության էլեմենտ է պարունակում իր մեջ, ինձ անկեղծ ասած զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, որ այստեղ ինչ-որ դավադրություն կա: Դա այն դեպքում, երբ նրանք ասում են, որ շանս է ստեղծվել Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ: Իսկ ինչու չկա այնպիսի կանխավարկած առնվազն ՀՀ կառավարության տեսակետից, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»:
Դիտարկմաը, որ կասկածի տեղիք է տալիս, որ այդ մասին առաջինը խոսել է Ադրբեջանը, Փաշինյանն ասաց. «Երբ ես Սանկտ Պետերբուգից գիշերը եկա և այն փաստը, որ առաջինը Ադրբեջանն է հաղորդագրություն տվել, դրանից մեծ եզրակացություններ են արվում: Ընդհանրապես, ես կարծում եմ, և պնդում եմ, որ ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»: