Հայաստանը կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով. ՀՀ ԱԳՆ-ն՝ Կարասինին
ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը, թե Հայաստանում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում: Կարասինը հույս էր հայտնել, որ «ՀՀ նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա ԱՄՆ կողմից շանտաժին դիմակայելու համար»:
«Հայաստանը հետևողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով։ Մենք որևէ պետության հետ հարաբերություններ չենք կառուցում մեկ այլ պետության հետ հարաբերությունների հաշվին կամ ի վնաս դրանց։ Այս մոտեցումն այսուհետ ևս դրված է լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում», – SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հայաստանում ամերիկյան կողմի ակտիվության հետ կապված անհանգստություն պետք է ունենա ոչ Ռուսաստանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։
«Հույս ունենք, որ Հայաստանի ներկա իշխանությունը, որ անհրաժեշտ մանդատ է ստացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իր մեջ տղամարդկություն կգտնի հակադրվելու բացահայտ արտաքին շանտաժին ու ճնշմանը, կպնդի ինքնուրույն որոշում ընդունելու իր սուվերեն իրավունքը՝ ազգային շահերին համապատասխան»,- ասել էր Կարասինը։