Հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ նախկինում գնացել են հանձնաժողովների հետ գործարքների. Զ. Բաթոյան
Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինելու միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Նախատեսվում է ներդնել նոր մոդել, որպեսզի անձի ամբողջական կարիքների գնահատմամբ մատուցվեն կոնկրետ ծառայություններ:
Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը:
«Խնդիրները հիմնականում կապված են հաշմանդամության ճանաչման կամ հաշմանդամության խմբի տրամադրման հետ: Այս գործընթացը խնդրահարույց է, և բոլորը, կարծես թե, ծանոթ են դրան: Փորձեցինք այս ոլորտում որոշ փոփոխություններ անել, մենք իրականում ցանկանում ենք գնահատման այլ մոդել ներդնել Հայաստանում, որն ավելի շատ հիմնված կլինի մարդու իրավունքների վրա»,- նշել է Բաթոյանը:
Փոխնախարարն ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինի միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով:
«Գործող համակարգն այդպիսին է: Մենք պետք է գնահատենք անձի կարիքները, որպեսզի հասկանանք, թե ինչ ծառայություններ առաջարկենք: Միգուցե մեկն ունի իր բնակարանը հարմարեցնելու խնդիր, մեկը՝ միայն լսողական սարքի կարիք, մյուսը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ վերականգնողական բուժման անհրաժեշտություն ունի: Այսօր այդ անհատական մոտեցումը չկա: Անհատական կարիքների վրա հիմնված աջակցությունը բացակայում է: Այս կարճ ժամանակահատվածում մի շարք փոփոխություններ ենք իրականացրել: Օրինակ, նվազագույնի են հասցվել խորհրդատվական նպատակով ԲՍՓ գործակալություն ուղարկվող դեպքերը: Այսինքն՝ մարզերից հանձնաժողովներից Երևան՝ գործակալություն, ուղարկվող դեպքերն ենք նվազագույնի հասցրել:
Մյուս փոփոխությունը կապված է տեխնիկական հարցերի հետ: Նախ՝ գրանցումը, որ մարդիկ կոնկրետ ժամերով գրանցվեն: Ստեղծեցինք ֆեյսբուքյան էջ, որ նրանք կարողանան առցանց կապի մեջ լինել, իրենց մտահոգող հարցերը բարձրացնել»,- նշել է Զարուհի Բաթոյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ոլորտի կոռուպցիոն ռիսկերից մեկն այն է, որ հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ նախկինում գնացել են հանձնաժողովների հետ գործարքների:
«Այսօր այդ ճանապարհն այլևս չկա, նման դեպքերը խստորեն պատժվում են, հրահանգ կա վերևից, որ նախկին գործելաոճը չի լինելու, սակայն դա կարող է միանշանակ չընդունվել քաղաքացիների կողմից: Հաշմանդամն սկսում է բողոքել, որովհետև իսկապես գործող չափանիշներով չի սահմանվում հաշմանդամությունը, իսկ նախկինում նման դեպքերով դիմել են գործարքների»: