Ալկոհոլային խմիչքների շուկայում թանկացումներն անխուսափելի կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. վերջին շրջանում մեր հանրապետությունում թանկացումներ նկատվում են ոչ միայն լայն սպառման ապրանքների, այլև ալկոհոլային խմիչքներին, մասնավորապես՝ գինու, օղու, գարեջրի շուկաներում:
Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեից «ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ գինու շուկայում միայն նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.2 տոկոսի չափով թանկացում: Գարեջրի ոլորտում նշված ժամանակահատվածում այդ թանկացումը կազմել է 0.1 տոկոս: Իսկ ահա օղին թանկացել է 0.5 տոկոսով:
Ալկոհոլային այս խմիչքների շուկայում թանկացումներն անխուսափելի կլինեն: Չէ՞ որ հարկային օրենսգրքով աճել են ակցիզային հարկի դրույքաչափերը: Ըստ մասնագետների՝ պատճառը այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխություններն են:
Ինչպես հայտնի է, Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները պայմանավորված են ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր մաքսային դրույքաչափերով: Արդյունքում խմիչքները շարունակելու են թանկանալ նաև հաջորդ տարի:
Նշենք, որ սպիրտային խմիչքների 1 լիտրի համար ակցիզային հարկն այս տարվա համար կազմել է 725 դրամ, բայց հաջորդ տարում այն կդառնա 835 դրամ, իսկ ահա 2020-ին՝ 960 դրամ: Ասել է թե՝ թարգե՛ք խմելը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: