Հայտնի է ԱԺ երկու հանձնաժողովի նախագահի անուն. վաղը կկայանա Իմ քայլը ապագա խմբակցության հավաքը
Վաղը՝ դեկտեմբերի 18-ին, տեղի է ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» ապագա խմբակցության հավաքը: Այս մասին փոխանցում են «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները:
Նախնական քննարկումների արդյունքում որոշվել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն առաջադրվելու է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Բաբկեն Թունյանը, որը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղվում էր տնտեսական լրագրությամբ, կառաջադրվի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագությունն իրականացնելու է ԲՀԿ-ն: Հնարավոր է, որ 7-րդ գումարման ԱԺ-ում պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն առանձնանա, այսինքն՝ առանձին գործի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, իսկ դա էլ կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: