ԱԺ ընտրությունների վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն զեկույց է հրապարակել
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն զեկույց է հրապարակել: Զեկույցն ամփոփում է ընտրությունների ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված դիտորդական առաքելության արդյունքները:
Դիտորդությունն իրականացվել է 62 տեղամասային կենտրոններում`քվեարկության ողջ ընթացքում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստի մեկնարկից (ժամը 7:00) մինչև քվեարկության արդյունքների ամփոփման ավարտը:
«Դիտարկված տեղամասային կենտրոններից 6-ում մինչև 50 մետր շառավղով եղել են խմբերով հավաքված մարդիկ, իսկ տեղամասերից մեկի հարևանությամբ՝ մեքենաների կուտակում։ Սիսիանի տեղամասային կենտրոններից մեկի մուտքի առջևի մայթին փակցված են եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցության և «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների նախընտրական պաստառներ, որոնք քվեարկության մեկնարկից մի քանի ժամ անց հեռացվել են»,- գրված է զեկույցում։
Դիտարկվել են նաև մի շարք խնդիրներ՝ կապված ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորման հետ։ Դիտորդներն արձանագրել են, որ տեղամասերից 9-ում սարքը մի քանի փորձերից հետո է կարդացել ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը, իսկ 13-ում՝ մատնահետքերը։ Եվս 3 տեղամասերում սարքը ժամանակավորապես արգելափակվել է, իսկ տեղամասերից մեկում դժվարությամբ է միացել։ Զեկույցին կարող եք ամբողջությամբ ծանոթանալ այստեղ: