39-ամյա տղամարդը ՌԴ-ից վերադարձավ ու ներկայացավ ոստիկաններին
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 17-ին, ժամը 12.10-ին, ՌԴ-ից Բագրատաշեն սահմանային անցակետով կամավոր ՀՀ է վերադարձել 39-ամյա Ռոման Գ.-ն:
Նա 2017թ. մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով:
Նա տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: