Հալեպի նոր թաղամասում ավելի քան 100 բնակելի շինություն կկառուցվի
Հալեպի «Ջամայաթ ալ Ռիադ» թաղամասում առաջիկա չորս տարում ավելի քան 100 բնակելի շինություն կկառուցվի: Այդ մասին լրագրողներին ասել է նախագծի ինժեներ Աիմադ Ալին:
«Այժմ մենք վերականգնում ենք ռմբակոծությունից տուժած տները, միաժամանակ այդ թաղամասում 110 նոր բնակելի շինություն ենք կառուցում», - նշել է Ալին:
Նրա խոսքով՝ 2012-ին այդ թամասում կառուցվել և տրամադրվել է 360 շինություն, սակայն ռազմական գործողությունների պատճառով չեն հասցրել բնակեցնել: Նորակառույցները ծառայել են զինյալների համար որպես ապաստարան: Այսօր այն Սիրիայի խոշոր շինհրապարակն է, զբաղեցնում է ավելի քան 50 հեկտար տարածք:
Սակայն քաղաքի վերականգնման գլխավոր խնդիրը, ըստ մասնագետի, աշխատուժի պակասն է: Ներկայում շինարարության ոլորտում մոտ 150 շինարար է աշխատում, իսկ պահանջարկը առնվազն երեք անգամ ավելի է:
Այնուամենայնիվ, շինարարները մտադիր են թաղամասը հանձնել չորս տարի հետո, քանի որ խաղաղ կյանքին զուգահեռ Հալեպում ավելանում է նաև բնակարանի պահանջարկը: