Արոնյանն ու Կարուանան կրկին ոչ-ոքի խաղացին. London Chess Classic 2018
Լոնդոնում ընթացող London Chess Classic 2018 մրցաշարում այսօր անցկացվեցին դասական շախմատի 2-րդ տուրի հանդիպումները:
3-րդ տեղի համար պայքարող Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան 21-րդ քայլին խաղն ավարտեցին 6-6 հաշվով՝ ոչ-ոքի:
Հիկարու Նակամուրայի և Մաքսիմ Վաշյե-Լագրավի եզրափակիչ մրցամարտի 2-րդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Մրցակիցները խաղն ավարտեցին 53-րդ քայլին, երբ խաղատախտակին մնացել էին միայն արքաները: Եզրափակիչ մրցախաղում էլ հաշիվը հավասար է՝ 6-6:
Վաղը London Chess Classic մրցաշարը կհատի վերջնագիծը: Մրցաշարի մասնակիցները նախ կանցկացնեն արագ շախմատի 2 պարտիա, ապա՝ 4 պարտիայից բաղկացած կայծակնային մրցախաղ:
Հիշեցնենք, որ London Chess Classic 2018-ի մրցանակային ֆոնդը կազմում է 300 000 դոլար: Հաղթողը կստանա 120 000, երկրորդ տեղը զբաղեցրած շախմատիստը՝ 80 000, երրորդը՝ 60 000, չորրորդը՝ 40 000 դոլար: