Հեռախոսազրույցները գաղտնալսած անձինք կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը. Վանեցյան
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համոզված է, որ առաջիկայում կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսած անձիք:
Այս մասին դեկտեմբերի 15-ին ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում գաղտնալսման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Խոսակցությունները մոնտաժված են, դա կապացուցվի նաև փորձաքննությամբ: Ես երբևէ իմ խոսակցություններում չեմ ասել որևէ բառ, որից կարող եմ ամաչել:
Ընդհակառակը, գաղտնալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է: Քննչական կոմիտեն այս աշխատանքները կիրականացնի և ես համոզված եմ, որ առաջիկայում գաղտնալսումներ իրականացրածները կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը»,- ասաց Վանեցյանը: