Արթուր Վանեցյանը հուսով է, որ կշարունակի պաշտոնավարել ԱԱԾ-ում
Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում մեկնարկել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ Վանեցյանի առաջին ասուլիսը եղել է նշանակումից օրեր անց և այդ ասուլիսին նա հայտարարել էր, որ այսուհետ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի թափանցիկ է աշխատելու:
«Ավագ գործընկերներն առաջին հանդիպման ժամանակ դեմ են եղել, որ ԱԱԾ պետը հանդիպում կազմակերպի լրագրողների հետ, բայց այդ անգամ հանդիպումը հաջող է անցել, ինչի համար էլ կազմակերպվել է երկրորդը»,- ասել է Վանեցյանը և հույս հայտնել, որ կշարունակի պաշտոնավարել ԱԱԾ պետի պաշտոնում:
Վանեցյանը 20 տարեկանից ի վեր աշխատել է միայն ԱԱԾ համակարգում։ Այս խոսքերով է այսօր նա պատասխանել իր հետագա պաշտոնավարման մասին հարցին։
Կարճ ժամանակում, ըստ Վանեցյանի, ԱԱԾ-ն փոխել է իր դեմքը, և փոխվել է նաև հասարակության վերաբերմունքը։ Նրա խոսքով՝ դա իր ու գործընկերների արած գործի մի մասն է և ինքը ուզում է շարունակել իր աշխատանքը։
Վանեցյանն ասել է, որ որևէ մեկն իրեն այլ պաշտոն չի առաջարկել, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն նման բան չի առաջարկել, և ինքը որևէ մեկի հետ նման բան չի խոսել: