Օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի. Կենտրոնական բանկի խոսնակ
Այսօր ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած համակարգ է, և բոլոր վերոնշյալ թեմաներին հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող է առաջացնել անհարկի սպասումներ:
Այս մասին Facebook-ի իր գրառման մեջ նշել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր առավոտյան օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները բացասական սպասումներ առաջացնելու և արհեստական վարքագիծ ձևավորելու միտում են պարունակում։ Այս իսկ պատճառով հորդորում եմ ԶԼՄ-ներին գնաճ/ինֆլյացիա/, փոխարժեք, պահուստներ, ավանդներ, վարկեր և ֆինանսական համակարգին վերաբերվող եզրույթները և թեմաները արհեստականորեն չդարձնել «վաճառվող լուր»:
Այսօր ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած համակարգ է, և բոլոր վերոնշյալ թեմաներին հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող է առաջացնել անհարկի սպասումներ, որոնք տեղին չեն երկրի երկարաժամկետ զարգացման տեսանկյունից:
Ավելացնեմ, որ բոլոր վերոնշյալ թեմաներով մտահոգ ԶԼՄ-ներին ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստ է տալ իր լիազորությունների և պրոֆեսիոնալ կարողությունների շրջանակներում սպառիչ և բովանդակային պատասխաններ»։